Արտաշատ մայրաքաղաք հնավայր

Տրայանոս կասյեր լատիներեն արձանագրությունը գտնված Փոքր Վեդի գյուղից

   Քանի որ Փոքր Վեդին գտնվում  Է  պատմական Արտաշատ  մայրաքաղաքի  հյուսիս-արևելյան սահմաններում,  հայտնաբերված  բոլոր  նյութերը  կապվում  են  այդ  հին  մայրաքաղաքի և ընդհանրապես  հայոց  պատմության  շատ կարևոր  բացթողումների  հետ:  Ի վերջո մեկնարկեցին քաղաքամայր Արտաշատի պեղումները: 1967 թ. սկսվեցին տեղանքի մեծամասշտաբ ուսումնասիրությունները, իսկ  արդեն  1970 թ. սկսած պեղումները հարուստ ու բազմատեսակ նյութեր տվեցին` բացահայտելով քաղաքի բազմակողմանի զարգացած մշակույթը: Պարզվեց, որ Արտաշատի բլուրները բնակեցված են եղել դեռևս վաղ երկրագործական շրջանում: Այդ են վկայում VII և VIII բլուրներում հայտնաբերված մ. թ. ա. V-IV հազարամյակի բնավայրի հետքերը:

 I բլուր.  Առաջին բլուրը իրենից ներկայացնում է եռանկյունաձև հատակագիծ ունեցող, մեծ սրահներով և  աշտարակներով կառույց, որոնց տրամագիծը որոշ հատվածներում հասնում է 9-10 մետրի: I բլուրը սկիզբ է առնում հյուսիային կողմից: Բլուրն ունի պաշտպանական նշանակություն: Այստեղ բացվել են զորանոցային տիպի շինություններ, դարբնի, զինագործի և այլ արհեստանոցներ։

    II բլուր.  Առաջին բլրի հարավարևմտյան կողմից պատերը իջնում են, որոնք և միացնում են առաջին և երկրորդ բլուրները: Այն ունի 70 մ բարձրություն, ծառայել է իբրև միջնաբերդ:

 III և IV բլուրներ.  II և IV բլուրները մտնում էին պաշտպանական ընղհանուր համակարգի մեջ և ապահովում III բլրի կապը V բլրի ու քաղաքի մյուս թաղամասերի հետ:

v

 V բլուր . V բլուրը բնակության համար շատ հարմար է (նկատելի են մեծ վառարանների հետքեր): Պեղումների արդյունքում բացվել են բնակելի տներ, դարպասի դիմաց` մասնավոր արխիվի մնացորդներ [4, p. 365-370,] : Հնարավոր է, որ այստեղ է եղել մաքսատունը և հրապարակ-շուկաներից մեկը:

  VI բլուր.  Արտաշատի պաշտամունքայի կենտրոնը VI բլուրն էր (բարձ. 50 մ), որի վրա կառուցվել է Հայաստան աշխարհի և Արտաշատի հովանավոր Անահիտի,ինչպես նաև թագավորի նախնիներին  նվիրված տաճարը: Հայտնի է, որ պաշտամունքային վայրերը չեն փոխվում. այստեղ է գտնվում Խոր Վիրապը:

VII բլուր .  Այս բլուրը իրենից ներկայացում է արհեստավորական թաղամաս, այստեղ ապրել են արհեստավորներ և միջին դասի քաղաքացիներ: Չպետք է մոռանալ զինվորականությանը, որովհետև VII բլուրը  I բլրի նման, իր դիրքով, ուներ շատ կարևոր ֆունկցիա։ Դա՝I,III,IV և V բլուրների հետ միասին II և VI  բլուրների պաշտպանության ապահովումն էր։

VIII  բլուր . VIII բլրի վրա հայնտաբերվել են մի քանի բաղնիքներ, կիր պատրաստելու վառարան, գինեգործության հետ կապված մի շարք պարագաներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն եղել է արհեստավորների տարածքը:

Մյուս բլուրները նույնպես ունեցել են պաշտպանական  պարսիպներ և կազմել են քաղաքի  մասը: Սակայն, քանի որ Արտաշատի բլուրները հարուստ են սև մարմարով՝ մի քանի բլուրներ պայթեցվել են, ինչի հետևանքով տուժել են նաև կառույցները:

Արտաշատ մայրաքաղաքի հարավարևմտյան կոմղում գտնվող հասարակական բաղնիքի տարածքը:

Հասարակական բաղնիքի ամենամեծ բաղնիքներից մեկը հիպոկաուստիկ սյուներով:

Հետագա տարիներին՝ մասնավորապես 2003թ.-ից սկսած Արտաշատի պեղումները իրակացվում են ներկայիս բլուրներից դեպի հարավ-արևմուտք՝ Արաքս գետի հարևանությամբ: Այստեղ բացվել են մոնումենտալ շինության բացառիկ հետքեր: Ուշագրավ է հասարակական բաղնիքը՝  իր հիպոկաուստիկ սյուներով և մոզաիկ ամենատարբեր պատկերներով: Այն բաղկացած է 9 մեծ ու փոքր սենյակներից, որոնք բավականին լավ են պահպանվել: Բացառիկ նշանակություն ունի բաղնիքի հարևանությամբ հայտնաբերված տաճարը, որը, թերևս, ՀՀ տարածքում հայտնաբերված ամենավաղ ու ամենամեծ հեթանոսական տաճարն է (մինչ այս մեզ հայտնի էր միայն Գառնիի տաճարը): Տաճարը ունի մոտ 22.5 մ լայնություն և 30 մ երկարություն: Տաճարը կառուցված է հսկայական ժայռերի վրա, որոնք հղկված են և ծառայում են որպես ստիլոբադ: Տաճարի սյուների վրա առվակոսներ են փորագրված (կանելյուռներ), տաճարը ունեցել է երեք հսկայական ակռոտերիներ և այլն: Պեղումներից մինչ օրս էլ ի հայտ են գալիս այդ շքեղ տաճարի բեկորները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել հին Հայստանի տաճարաշինության և ճարտարապետության մասին:


Հատված խճանկարից

Արաքսի ափին հայտնաբերված տաճարի վերակազմությունը. ճարտարապետ` Գևորգ Գյուլամիրյան

    Պեղումները չեն դադարում անակնկալներ մատուցել ոչ միայն մեզ՝ հայերիս, այլ նաև ամբողջ աշխարհին: 2013թ. պեղումների ընթացքում  վառված գերանների տակից ի հայտ եկան շուրջ 850  Սասանյան կնքադրոշմներ ամենատարբեր պատկերներով՝ Սասանյան արքաներ (Շապուհ II, Վարահրան I, Արդաշիր և այլն), նախարարներ, կենդանիներ և այլն: Փաստորեն մենք գործ ունենք հսկայական մի արխիվի հետ, որը  հաստատում է այն փաստը, որ Արտաշատը առևտրական քաղաք է եղել:

2014թ. իրականացվող հնագիտական աշխատանքների ժամանակ՝  բաղնիքի կից սենյակի պատը բացելիս, հայտնաբերվեց հաջորդ անակնկալը՝ որմանկարներով մի սրահ, որոնք բացառիկ են և միակն են տարածաշրջանում: Դրանք նման են Պոմպեյ և Հերկուլանում քաղաքների հնագիտական պեղումներից ի հայտ եկած որմնանկարներին՝ ամենատարբեր գույներով, բուսաերկրաչափական բազմաժանր զարդամոտիվներով:

            Հարկ եմ համարում կրկին նշել, որ Արտաշատը լինելով մայրաքաղաք` դարձավ Հայաստանի քաղաքական ու տնտեսական հզորության մարմնավորումը: Այն՝ իր ռազմավարական դիրքի և տնտեսական բարենպաստ պայմանների շնորհիվ, հինգ հարյուր տարուց ավելի պահպանեց առաջին քաղաքի դերը, որի վառ վկայությունն են բազում տարիների հնագիտական աշխատանքների շնորհիվ հայտանաբերված արխիվները: Արտաշատը բազմաշերտ և բազմաբովանդակ մի հուշարձան է, որի մեջ կարող ենք գտնել պատմություններ և քաղաքակրթություններ, մշակույթներ և մշակութային զարգացման  կարևորագույն փուլեր: Սպասում ենք նոր անակնկալների, Արտաշա՛տ:

Оставьте комментарий